Տեխնիկական միջոցները թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով. ԱԻ նախարարը՝ անտառային հրդեհների վերաբերյալ
Հասարակություն
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհին՝ նշեց, որ այս պահին խոշոր կաթնասունների մասով կորուստներ չկան, իսկ բուսականության մասով՝ ամբողջական գնահատական կարող են տալ միայն հաջորդ տարի:
Նրա խոսքով՝ օգոստոսի 10-ից արձագանքը եղել է շատ արագ և պատասխանատու. «Ռելիեֆն այնպիսին էր, որ նույնիսկ հրշեջ մեքենայի տեղաշարժն էր դժվար: Հայաստանում նման նախադեպ չունեցող հրդեհներ էին և իսկապես սարսափելի վիճակով առաջ էին գնում: Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք կլիմայի փոփոխություններին և մշակել ծրագրեր, ունենալ գործողությունների ամբողջություն»:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարեց, որ ՀՀ տարածքում խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության վերաբերյալ արվել են համապատասխան եզրակացություններ, որոնք ներկայացվել են նախագահին և վարչապետին. «Երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում և՛ Խոսրովի արգելոցում, և՛ Արտավանի անտառներում: Տեխնիկական միջոցները` ամենագնաց մեքենաները և ԶՈւ տրամադրած ուղղաթիռները, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով: Խանգարաում էր նաև խորդուբորդ ռելիեֆը: Եզրակացություններ են արվել, որոնք ներկայացվել են Հանրապետության նախագահին և վարչապետին` մեր տեխնիկական հագեցվածությունը բարձրացնելու առումով», - նշեց նախարարը:
Հարցին` ինչո՞ւ ՌԴ ԱԻՆ համապատասխան ինքնաթիռը ներգրավելու խնդրանքն ավելի վաղ չեղավ, Տոնոյանը պատասխանեց.
«Քանի որ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու, չխնդրեցինք, բայց երբ սկսեցին այրվել ոչ միայն խոտածածկ տարածքները, այլև անտառները՝ միանգամից դիմեցինք»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը