«Հարսնաքարի» գործով ձերբակալվածներից մեկը բաց է թողնվել
Իրավունք
««Հարսնաքարի» գործով յոթ ձերբակալվածներից վեցը կալանավորվել են, իսկ մեկը՝ Դավիթ Հայիրյանը, բաց է թողնվել»,- այս մասին Լուրեր.com-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։ Նա նշեց, որ նրան ներկայացրել են տուժողների ճանաչմանը, սակայն չեն ճանաչել: «Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հատկանիշներով՝ չի հաստատվել անձի կողմից քրեական արարք կատարելու մասին կասկածը»,- նշեց Մալխասյանը:
Նշենք, որ այս գործով ձերբակալվածները 7-ն էին։ Նրանցից 6-ը կալանավորվել էին, իսկ մեկի կարգավիճակը դեռ պարզ չէր։ Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին, Նորայր Հայրապետյանին, Արման Խաչատրյանին և Արթուր Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը:
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում