Չինացին գտել է 10 տարի առաջ անհետ կորած իր հորը TikTok հավելվածի շնորհիվ (տեսանյութ)
ԱյլՉինաստանում տղամարդը գտել է մոտ 10 տարի առաջ անհետ կորած իր հորը TikTok հավելվածի շնորհիվ:
Daily Star-ի հաղորդմամբ՝ 2011 թվականին կորած Լոն Ձյամինի որդին ստիպված է եղել թողնել աշխատանքը, որպեսզի կարողանա գտնել իր 71-ամյա հորը, սակայն որոնումները որևէ մի արդյունք չեն տվել: Եվ ահա 9 տարի անց տղամարդու մտերիմներից մեկը TikTok հավելվածից տեսանյութ է ուղարկել իր կնոջը՝ նշելով, որ հոլովակում պատկերված տղամարդը նման է Ձյամինին:
Դիտելով տեսանյութը՝ տղան համոզվել է, որ դա իր հայրն է: Կադրերում Ձյամինը կեղտոտ հագուստով էր, ինչ-որ տեղ՝ լեռներում: Տեսանյութի հեղինակը հայտնել է, որ հաճախ է այցելում տղամարդուն և օգնում նրան ինչով կարող է: Նա նշել է, որ ծերունին միայնակ է և ընտանիք չունի:
«Սա հաստատ իմ հայրն է, ես այնքան երկար էի նրան փնտրում: Ես ճանաչեցի նրան ճակատի սպիից: Նա ձախլիկ է և ատամներ չունի: Նա անկիրթ է և չի կարողանում խոսել մանդարիներեն: Հուսով եմ, որ հոլովակի հեղինակը չի օգտագործի հորս բաժանորդներ հավաքելու նպատակով»,- ասել է տղան:
Ձյամինի որդին փորձել է կապ հաստատել հեղինակի հետ, սակայն վերջինս չի պատասխանել նրա նամակներին:
Այժմ տղան ցանկանում է օգնություն խնդրել TikTok հարթակի ադմինիստրատորներից, որպեսզի նրանք օգնեն տուն վերադարձնել իր հորը: