Իրանի արտգործնախարարն Ալիևի հետ հանդիպումն անվանել է «շրջադարձային պահ` երկու երկրների միջև հարաբերություններում»
ԻրանՉորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած իրանական պատվիրակությանը, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
«Հանդիպման ժամանակ Ալիևը հիշեցրել է իր իրանցի գործընկեր Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի հետ Աշխաբադում ունեցած իր հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ապագա համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր և վերահաստատվել են Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ Իր հերթին` Իրանի արտգործնախարարն այս հանդիպումն անվանել է շրջադարձային պահ` երկու երկրների միջև հարաբերություններում»,- ասվում է ուղերձում։
Բացի այդ, զրույցի ընթացքում ընդգծվել է Բաքվի և Թեհրանի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակման կարևորությունը։
Նշվել է նաև, որ երկկողմ համագործակցության օրակարգը ծավալուն է, կողմերը փոխգործակցության լավ արդյունքների հույս են հայտնել։