«Չեմ նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ Մոլդովային». Վրաստանի վարչապետը խոսել է Եվրահանձնաժողովի որոշման մասին
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի որոշումը՝ խորհուրդ տալ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ, ասել է, որ չի նախանձում ո՛չ Ուկրաինային, ո՛չ Մոլդովային։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ Ուկրաինան գտնվում է ծանր իրավիճակում, նրա տարածքի 20%-ն արդեն կորել է, և պատերազմը շարունակվում է։ Մոլդովան նույնպես շատ ծանր վիճակում է։ Մոլդովան առաջիններից էր, որ տուժեց պատերազմից։ Այնպես որ, ես իրականում չեմ նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ Մոլդովային»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ Ուկրաինային այս կարգավիճակը տրվում է, քանի որ պատերազմում է. «Մի քանի օր առաջ տեսաք, որ ազգային առաջնորդները հաստատում են այս փաստը, որ այս որոշումը կայացվել է, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, և ինձ հետ անձնական զրույցներում ասվել է, որ Մոլդովան նույնպես ծանր վիճակում է»։