G20-ի արտգործնախարարները հրաժարվել են Լավրովի հետ միասին լուսանկարվել
ԱշխարհG20-ի երկրների արտգործնախարարները Ինդոնեզիայում՝ Բալիում կայացած հանդիպման ժամանակ հրաժարվել են ավանդական խմբակային լուսանկարից։ Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո Ցուշին» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և մի քանի արևմտյան երկրների նախարարներ փորձել են խուսափել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկարից։
Պետքարտուղարությունն ավելի վաղ ընդգծել էր, որ Բլինկենը մտադիր չէ Բալիում հանդիպել ռուս նախարարի հետ, քանի որ դրա համար հարմար ժամանակ չէ։
Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին ասել է, որ հուլիսի 7-ին Յոթնյակի խմբի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Կանադա, Ճապոնիա) և Եվրամիության ԱԳ նախարարները հրաժարվել են մասնակցել նաև գալա ընթրիքին՝ Լավրովի ներկայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լավրովը «չի նկատել բոյկոտողների բացակայությունը»։
Dpa գործակալությունը հայտնել է, որ Սերգեյ Լավրովը ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի հանդիպման սենյակը։ Զախարովայի խոսքով՝ Լավրովը «երկկողմ բանակցություններ է վարում, հետո կխոսի մամուլի հետ ու կհեռանա»։ Սա նշանակում է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը չի մասնակցի կեսօրին պաշտոնական ընթրիքին ու հանդիպումներին։
Հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ արևմտյան երկրների հետ երկխոսությունն իմաստ չունի, եթե նրանք ցանկանում են «Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ ռազմի դաշտում», և «այդ մոտեցումներն, ըստ էության, թույլ չեն տալիս Ուկրաինային անցնել խաղաղության գործընթացին»։