Եվրոպան փորձում է փոխարինել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները, բայց դա կբերի գների բարձրացման. Պուտին
ԱշխարհՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական էներգակիրները փոխարինելու ԵՄ երկրների փորձերը կարող են հանգեցնել գների բարձրացման։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Այո, մենք գիտենք, որ եվրոպացիները փորձում են փոխարինել ռուսական էներգառեսուրսները, բայց ակնկալում ենք, որ նման գործողությունների արդյունքը գազի գնի բարձրացումն է տեղական շուկայում և էներգառեսուրսների արժեքի բարձրացումը վերջնական սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար», - ասել է Պուտինը:
Այս ամենը, ըստ նրա, «ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում հենց այն երկրներին, որոնք դրանք սահմանում են»։
Նա նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցային ճնշումը կարող է հանգեցնել համաշխարհային էներգետիկ շուկայում իրավիճակի վատթարացման։
Պուտինը հավելել է, որ Արևմուտքի կողմից արդեն իսկ թույլ տրված սխալները, այդ թվում՝ էներգետիկ շուկայում, չեն կարող ուղղվել «երկու օրում»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, թե Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման (IGB) բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը «վերջ կդնեն ռուսական մենաշնորհին»։