Միջազգային սկանդալ. Ալբանիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Համաշխարհային ՄամուլԱլբանիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, գրում է «Իզվեստիա»-ն:
Այդ որոշման պատճառը Թեհրանի դեմ մեղադրանքն է՝ Տիրանայի պետական ծառայությունների վրա հուլիսի 15-ին կիբերհարձակում իրականացնելու համար:
«Հատուկ ծառայություններն ապացուցել են, որ կիբերհարձակումն իրականացվել է Իրանի կողմից, որը ֆինանսավորել է չորս տարբեր խմբեր՝ Ալբանիայի վրա հարձակվելու համար: Պաշտոնական նոտա է հանձնվել Իրանի դեսպանությանը, որը պարունակում է Ալբանիայի տարածքը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ներկայացուցչության ամբողջ անձնակազմի լքելու պահանջ», -ասել է Ռաման:
Վարչապետի խոսքով, կիբերհարձակումը սպառնում էր կաթվածահար անել պետական ծառայությունները, հեռացնել համակարգերը եւ գողանալ տվյալները, ինչը կարող էր վնաս հասցնել Ալբանիայի ազգային անվտանգությանը: