Թուրքիան և ԱՄԷ-ն 50,7 միլիարդ դոլար արժողությամբ 13 պայմանագիր են կնքել
ԱշխարհԹուրքիան և ԱՄԷ-ն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում ստորագրել են 50,7 միլիարդ դոլարի 13 համաձայնագրեր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
«Այսօր (հուլիսի 19-ին) Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել և ընդունվել է տարբեր ոլորտների վերաբերող 13 փաստաթուղթ: Այդ շրջանակներում կողմերը պայմանավորվել են ստեղծել «Բարձր մակարդակի ռազմավարական խորհուրդ»՝ Թուրքիայի և ԱՄԷ նախագահների նախագահությամբ։ Այս համատեղ հայտարարությամբ ԱՄԷ-ի հետ մեր հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշում է կայացվել խորացնել առկա համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, ենթակառուցվածքները, լոգիստիկան, էլեկտրոնային առևտուրը, ֆինանսները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, անշարժ գույքը, շինարարությունը, պաշտպանական արդյունաբերությունը, առաջադեմ տեխնոլոգիաները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-19-ը շրջագայություն է կատարում Պարսից ծոցի երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ուղևորության հիմնական նպատակն է ընդլայնել այս երկրների հետ տնտեսական համագործակցությունը և ավելացնել Թուրքիային անհրաժեշտ ներդրումների ծավալը։