Իսրայելում բողոքի ակցիաներ են
ԱշխարհԹել Ավիվում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել դատաիրավական բարեփոխումների դեմ։ Բողոքի ալիքը չի հանդարտվել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն անցած շաբաթ հաստատեց դատական բարեփոխումների առաջին օրինագիծը, գրում է The Times of Israel-ը:
Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին դատարանի շենք՝ ցույց տալով իրենց աջակցությունը դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը։
Հուլիսի 24-ին Նեթանյահուն և նրա կոալիցիոն գործընկերները հաստատել են բարեփոխումների փաթեթի առաջին օրինագիծը՝ այսպես կոչված «խելամտության մասին օրենքը»: Այն արգելում է դատավորներին չեղարկել կառավարության որոշումները, որոնք դատարանը համարում է անհիմն:
Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը շարունակվում են արդեն 30 շաբաթ։ Նշվում է, որ Նեթանյահուն փորձում է օգտագործել դատաիրավական բարեփոխումները՝ իր դեմ հնարավոր պատիժները չեղարկելու համար:
Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ։