«Անընդունելի է, որ Ֆրանսիայի նախագահը խոսի ճնշումների լեզվով»․ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը դժգոհել է
ԱշխարհԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը՝ մեղադրելով վերջինիս Բաքվի վրա ճնշում գործադրելու մեջ։
«Ֆրանսիայի նախագահի կանխակալ հայացքները, որոնք թյուր տպավորություն են ստեղծում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին և պաշտպանում են Հայաստանին, խաթարում են խաղաղության գործընթացը։
Այն, որ Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ արտահայտել է իր տեսակետը՝ հիմնվելով տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին պնդումների վրա, ևս մեկ անգամ ապացուցում է այս երկրի քաղաքականության մոլորության մասին։
Անընդունելի է, որ Ֆրանսիայի նախագահն իր լեքսիկոնում ներառի այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Լաչինի հումանիտար միջանցքը» և այս ուղղությամբ խոսի ճնշումների լեզվով։ Սա անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,– ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։