Բաքուն Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել է «սադրիչ հայտարարություններ» անելու մեջ
Աշխարհ«Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները, որոնք հակասում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և ցուցադրում են հայանպաստ դիրքորոշում, անընդունելի են»։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայում դեսպանների համաժողովի ժամանակ։
Ըստ Հաջիզադեի՝ «Ադրբեջանի ազգային օրենսդրության շրջանակներում ջանքեր են գործադրվում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերին երկրի կյանքի քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներին վերաինտեգրելու ուղղությամբ»։ Նա նշել է, թե «այդ ջանքերին խոչընդոտելը, Բաքվին մեղադրելով տարածաշրջանից հայերին վտարելու քաղաքականություն վարելու մեջ, սկզբունքորեն սխալ է»։
«Մենք կրկին կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման սադրիչ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։