Պուտինն ու Էրդողանը մի շարք համաձայնագրեր կստորագրեն
ԱշխարհՌուսաստանն ու Թուրքիան կարող են մի շարք համաձայնագրեր ստորագրել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սոչիում կայանալիք բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անկարայի աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ համաձայնագրերի ստորագրումը կարող է նոր խթան հաղորդել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը, սակայն ամեն ինչ կախված կլինի հանդիպման արդյունքներից։
Նախօրեին Habertürk հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում։
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան առաջնահերթություն է համարում երկու երկրների ղեկավարների վաղաժամ հանդիպման ապահովումը։
Հայտնի է նաև, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել ռուս գործընկերոջ հետ մինչև սեպտեմբերի 20-22-ը՝ Նյու Յորքում նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի մեկնարկը։