Թուրքիան պաղեստինյան արմատականներին չի համարում ահաբեկիչներ․ Ֆիդան
ԱշխարհԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հետեւելով երկրի նախագահին, կրկնել է, որ Թուրքիան ՀԱՄԱՍ–ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն։
«Անկարան ՀԱՄԱՍ–ին դիտարկում է որպես քաղաքական կուսակցություն պաղեստինյան պետական համակարգում»,- ասել է նա։
Սակայն, ինչպես ընդգծել է Ֆիդանը, դա չի նշանակում, որ «Թուրքիան հավանություն է տալիս խաղաղ բնակիչների սպանությանը»։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
«Եթե Իսրայելը խաղաղություն է ուզում, ապա պետք է հարգի պաղեստինցիների իրավունքները՝ ապրելու իրենց հողերում և իրենց պետությունում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ֆիդանը հավելել է, որ անհրաժեշտ է կասեցնել Գազայում ճգնաժամի հետագա տարածումը։ Նրա կարծիքով, եթե դա տեղի չունենա, ապա ավելի վատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ համաշխարհային մակարդակով։
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջարկած երաշխավոր երկրների սկզբունքը նախատեսում է անկախ Պաղեստին պետության ստեղծում։