Լավրովը քննադատել է Իսրայելի հարվածները Սիրիային
ԱշխարհԻսրայելի ավիահարվածները Սիրիայի տարածքին, որոնք հաճախակիացել են Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, անընդունելի են, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Լավրովը մատնանշել է Սիրիա և տարածաշրջանի այլ երկրներ զինված էսկալացիայի տարածման անթույլատրելիությունը։
«Այդ կապակցությամբ նա նշել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում իսրայելական ավիահարվածների անընդունելիությունը, որոնք ավելի հաճախակի են դարձել Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Կողմերը հայտարարել են, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել արյունահեղությունը Գազայում, լուծել հակամարտությունից առաջացած հումանիտար խնդիրները և անցնել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով երկարաժամկետ կարգավորման քննարկմանը։