Սիրիայում ամերիկյան երկու բազա է հրթիռակոծվել
ԱշխարհԵրեք շաբաթից էլ քիչ ժամանակում Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաներն առնվազն 41 անգամ գնդակոծության են ենթարկվել։ Անցած գիշեր երկու հենակետերի վրա հարձակում է տեղի ունեցել, իսկ Եփրատի ափին փոխհրաձգություն է տեղի ունեցել սիրիացի և ամերիկացի զինվորականների միջև, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Շիա Իրաքի իսլամական դիմադրության շարժումը, որը պնդում է, որ պատասխանում է ամերիկյան ագրեսիային, ստանձնել է բազաների վրա հարձակումների պատասխանատվությունը։ Պենտագոնը պնդում է, որ ԱՄՆ-ի գործողությունները տարածաշրջանում ինքնապաշտպանական են։
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Օմար նավթագազային հանքավայրի մոտակայքում գտնվող ամերիկյան բազան գնդակոծվել է և մոտ 15 հրթիռ է արձակվել դրա ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ իր թղթակցին հղումով։
Ավելի վաղ գիշերը հրթիռներն ու անօդաչու սարքերը հարձակվել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Կոնիկո դաշտի մոտ գտնվող ամերիկյան բազայի վրա։
Երկու դեպքում էլ պատասխանատվությունը ստանձնել է շիական շարժումը՝ Իրաքի իսլամական դիմադրությունը: