Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Իրանի նախագահի հետ
ԻրանՍաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 11-ին Իրանի նախագահը դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ գագաթնաժողովին Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ: