ՄԱԿ–ի օգտակարության մասին հարցեր են ծագում․ ԱՀԿ ղեկավար
ԱշխարհՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությանը խթանելու համար, սակայն հարցեր են ծագում դրա օգտակարության մասին, եթե այն չի կարողանում դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում։
«Այս ճգնաժամը (Գազայում - խմբ.) լուրջ փորձություն է ՄԱԿ-ի և ձեր՝ նրա անդամ երկրների համար: Այս կազմակերպությունը ստեղծվել է մեր աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար: Եթե դուք, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, չեք ցանկանում կամ չեք կարող կանգնեցնել այս արյունահեղությունը, ուրեմն մենք պետք է հարցնենք՝ ինչի՞ համար է ՄԱԿ-ը»,- հարցրել է նա։
Թեդրոսը նաև հավելել է, որ Գազայում տեղի ունեցողը ճգնաժամ է ՄԱԿ-ի և մարդկության համար, ուստի «բանակցությունները, բանաձևերը և հայտարարությունները բավարար չեն»:
«Մենք ձեզ (ՄԱԿ-ի անդամներին - խմբ.) կոչ ենք անում ապահովել Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության առաքման անարգել մուտքը», - ընդգծել է ԱՀԿ ղեկավարը: