Պետք է պատրաստվել երկար պատերազմի․ Ստոլտենբերգ
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ F-16-ների մատակարարումն Ուկրաինային հնարավորություն կտա ամրապնդել հակաօդային պաշտպանությունը, սակայն դա պատերազմի ավարտի ունիվերսալ միջոց չէ։ Դա պահանջում է բազմաթիվ որոշումներ, մարտը դժվար է լինելու։
Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Բրյուսելում Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Channel 24-ը։ Նա համոզված է, որ պետք է կոնկրետ որոշումներ կայացնել։
Ստոլտենբերգը վստահ է, որ F-16 կործանիչները կփոխեն իրավիճակը դեպի լավը։ Դրանք ունակ են ուժեղացնել ուկրաինական հնարավորությունները, ինչն իր հերթին կավելացնի ռուսական կորուստները։ Նաև, արևմտյան ինքնաթիռները կլինեն հակաօդային պաշտպանության հիանալի ամրապնդում։ Սակայն չկա մի բան, որն արմատապես կփոխի իրավիճակը ռազմաճակատում։
«Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ դա «արծաթե փամփուշտ» չէ։ Չկա մեկ համակարգ, որը կարող է հիմնովին փոխել իրավիճակը մարտի դաշտում»,– ասել է նա։
Նա հավելել է, որ պետք է պատրաստվել Ռուսաստանի դեմ երկար ու դժվարին պատերազմի։