Իսրայելի վարչապետը հայտնել է, թե երբ են վերսկսվելու ռազմական գործողությունները Գազայում
ԱշխարհԻսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, հենց որ վերջանա պատանդների վերադարձի ներկա փուլը, չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեկ շաբաթվա ընթացքում շատ մեծ հաջողության հասանք՝ մեր տասնյակ առևանգվածների վերադարձին։ Մեկ շաբաթ առաջ սա կարող էր ֆանտազիա թվալ, բայց մենք հասել ենք դրան։ Բայց վերջին մի քանի օրերին լսում եմ հարց՝ մեր առևանգվածներին վերադարձնելու այս փուլը սպառելուց հետո Իսրայելը կվերադառնա՞ ռազմական գործողություններին։ Պատասխանում եմ միանշանակ՝ այո»,- ասել է Նեթանյահուն՝ ժողովրդին ուղղված տեսաուղերձում։
Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը չի կարող չվերադառնալ մարտերին։
«Սա իմ քաղաքականությունն է, դրա հետևում կանգնած է կառավարության ողջ կաբինետը, դրա հետևում կանգնած է ամբողջ կառավարությունը, դրա հետևում կանգնած են զինվորները, դրա հետևում կանգնած է ժողովուրդը: Սա այն է, ինչ մենք կանենք», - ասել է Նեթանյահուն: