Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է անկախ Պաղեստինի ստեղծման անհրաժեշտության մասին
ԱշխարհՊաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ անհրաժեշտ է սկսել աշխատել իսկապես անկախ Պաղեստինի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի միջազգային հանրությունը կատարի իր՝ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական պարտավորությունները: Սա կարևոր է, քանի որ բարոյական ուղենիշների բացակայության դեպքում մենք որպես մարդկություն կկորցնենք մեր ճանապարհը: Մենք՝ միջազգային հանրության անդամներս, պետք է լուծենք այս խնդիրը բոլոր մակարդակներում՝ քաղաքական և հումանիտար»,- ասել է նա։
Ֆիդանը հայտարարել է, որ «հրադադարի հասնելու հրատապ անհրաժեշտություն կա»: «Մենք նաև շտապ գործակցության կարիք ունենք մարդասիրական օգնություն [Գազա] հասցնելու համար: Բայց սրան զուգահեռ պետք է սկսենք լուծել առկա խնդրի արմատը՝ աշխատել երկու պետությունների ստեղծման սկզբունքով կարգավորման վրա»,- ասել է նախարարը։