«Իսրայելը կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում»․ Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը վաղ թե ուշ պատասխանատվություն կկրի Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների համար։ Էրդողանի խոսքերը փոխանցում է TRT Haber-ը։
«Իսրայելը վաղ թե ուշ կստանա իր արժանի պատիժը մարդկության դատարանի առջև պաղեստինյան տարածքներում կատարված ռազմական հանցագործությունների համար։ Նա չի խուսափի պատժից, նա կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում, մենք դրան կհասնենք»,- ասել է Էրդողանը։
Թուրք առաջնորդը համոզված է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի վերջո փախչելու է։
Էրդողանը նաև կարծում է, որ շատ արևմտյան երկրներ հրաժարվում են Իսրայելին անվերապահ աջակցությունից և վերանայում են իրենց վերաբերմունքը հրեական պետության նկատմամբ։
«Նայեք Ֆրանսիային, որն առաջին օրերին աջակցության հայտարարություններ էր անում։ Այժմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բոլորովին այլ հայտարարություններ է անում»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ շատ այլ երկրներ նույնպես վերանայում են իրենց վերաբերմունքը հրեական պետության նկատմամբ։ Էրդողանը նշել է, որ Արևմուտքն այլևս չի անում այն հայտարարությունները, որոնք արվում էին հակամարտության առաջին օրերին։
Էրդողանն ասել է, որ Պաղեստինը ստեղծված իրավիճակում օգտագործում է համբերության մեխանիզմը։ Ժամանակի ընթացքում դա պետք է նրանց հաղթանակ բերի, վստահ է Թուրքիայի ղեկավարը։