Բորելը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ապոկալիպտիկ է անվանել
ԱշխարհԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում իրավիճակն անվանել է ապոկալիպտիկ՝ համեմատելի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական քաղաքների ավերածությունների հետ։ Նրա խոսքերը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկել ենք Գազայում աղետալի և նույնիսկ ապոկալիպտիկ իրավիճակը», - ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը տատանվում է հակամարտության բոլոր զոհերի 60%-ից մինչև 70%-ը՝ առնվազն 18 հազար մարդ։ Միաժամանակ Բորելը նշել է, որ այդ թիվը պետք է որ ավելի մեծ լինի, քանի որ հայտնի չէ, թե քանի մարդ է փլատակների տակ։
«Մասշտաբների մասին պատկերացում տալու համար Գազայի ավերածությունները համեմատելի են կամ նույնիսկ գերազանցում են Գերմանիայի քաղաքների ավերածություններին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- ասել է նա։