Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են
ՔաղաքականԵրկօրյա պայքարից հետո ավարտվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող մրցաշարին այս տարի 6 երկրից մասնակցում էին 140 մարզիկներ: 5-րդ հոբելյանական մրցաշարի եզրափակիչներին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանն արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է միջազգային այս մրցաշարը: Վստահ եմ` այս անգամ ևս, այն անց է կացվում ամենաբարձր մակարդակով և դառնալու է իսկական տոն երիտասարդ մարզիկների համար: Այդ կերպ նպաստելով սպորտի և առողջ ապրելակերպի խթանմանը: Ըմբշամարտը միայն մարզաձև չէ, այն նաև մշակույթ է, մեծ ընտանիք է, իսկ դուք այդ ընտանիքի անդամներն եք»,-ներկաներին ողջունելով` ասաց Ավինյանը:
Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարի հաղթողներ դարձան` Պանահի Հումահամադը (55 կգ, Իրան), Պույա Նասերպուրը (60 կգ, Իրան), Կարեն Ասլանյանը (63 կգ, Հայաստան), Սլավիկ Գալստյանը (67 կգ, Հայաստան), Հայկ Մելիքյանը (72 կգ, Հայաստան), Մալխաս Ամոյանը (77 կգ, Հայաստան), Դատա Չախալաձեն (82 կգ, Վրաստան), Վիգեն Նազարյանը (87 կգ, Հայաստան), Ուլաձիսլավ Պուտաշիլյան (97 կգ, Բելառուս) և Ռանջբար Մոհամադսոռուշը (130 կգ, Իրան):
Հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանն աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: