ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին և ԱՄՆ-ին կոչ է արել կրճատել միջուկային զինանոցները
ՔաղաքականՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ մյուս երկրները, որոնք նույնպես ունեն միջուկային զենք, պետք է հետևեն այդ օրինակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Անտոնիո Գուտերեշի խոսքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Միջուկային զենքի ամբողջական վերացման միջազգային օրը նշելու և խթանելու բարձր մակարդակի լիագումար հանդիպումից:Գլխավոր քարտուղարի խոսքով՝ չնայած մարդկության համար միջուկային զենքի «ահռելի գոյութենական ռիսկերին», աշխարհն ավելի մոտ չէ դրանց վերացմանը, քան տասը տարի առաջ:
«Մենք բոլորովին սխալ ուղղությամբ ենք շարժվում», - ասել է նա՝ հավելելով, որ սպառազինությունների նոր մրցավազքի հնարավորության վերաբերյալ մտահոգություններ կան։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «Ռուսաստանի Դաշնությանը և Միացյալ Նահանգներին վերադառնալ միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ միջուկային զենք ունեցող մյուս պետությունները պետք է հետևեն այդ օրինակին», - ընդգծել է Գլխավոր քարտուղարը՝ միաժամանակ շեշտելով, որ զինաթափումը և զենքի չտարածումը նույն մետաղադրամի երկու երեսն են։