Պատմության թանգարանի ղեկավարությունը դեմ է դուրս եկել վարչապետ Փաշինյանին. Էդգար Ղազարյան
ԲլոգոսֆերաՀասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատմության թանգարանի ղեկավարությունը դեմ է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Լոնդոնի թանգարանից ժամանակավորապես Երևան տեղափոխված՝ Անահիտ Աստվածուհու արձանի մասունքներ։ Տարօրինակն այն, որ մեկ շաբաթ, որ ցուցադրությունը գտնվում է նույն վայրում, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի երկրագիտական թանգարան այցի ժամանակ դիտողություն արեց ցուցանմուշներն անընդհատ նույն վայրում ցուցադրելու համար։ Փաստորեն, Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարությունը չի լսել վարչապետի իմաստուն մտքերը և չի առաջնորդվում թանգարանային գործի կազմակերպման նրա առաջադրած ժամանակակից լուծումներով։ Հակառակ դեպքում Անահիտ աստվածուհի կիսանդրին ամեն օր պետք է տեղաշարժվեր և ցուցադրվեր առանձին սրահներում»: