Խոշոր ավտովթար. «Scania» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել Արփա գետում. կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար դեպքի վայր պետք է ժամանի հատուկ տեխնիկա։