16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցում
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա.-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ 17-ամյա Սամվել Հ.-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, տվել հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները։
Արդեն տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջն տալու մասին»։
Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։