Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թե բա երանի եք տալու Ռուբեն Հայրապետյանի ժամանակներին։
Ախր մեկն էլ մտածի, թե մի ֆանտաստիկ ֆուտբոլային պատմություն ենք կերտել այդ տարիներին, հիմա էլ պիտի երանի տանք։
Լավ այսքան անամոթություն այս մարդկանց որտեղից, որ կարողանում են այսպես ստել։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բացառությամբ մի կարճ ժամակահատվածի, մշտապես մի քանի տոկոս այս կողմ, մի քանի տոկոս այն կողմ, եղել է նույն մակարդակի, ունեցել է գրեթե նույն խնդիրները...
Այդ կարճ ժամակահատվածը, որի ընթացքում մի քանի լավ հանդիպումների շարք տեղի ունեցավ և նաև մոտ էին եվրո 2012-ի անցումային խաղեր իրավունք նվաճելուն, հիմնականում կապված էր տվյալ սերնդի հետ, որտեղ փայլում էին Հենրիկ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը, իսկ նշվածներց երկրորդը հայկական ֆուտբոլային դպրոցի սան էլ չէր։
Հետագայում այդ թիմն էլ ունեցավ խոշոր ձախողումներ ու նույնիսկ Ռուբեն Հայրապետյանը որոշ խաղացողների` հատկապես Յուրա Մովսիսյանին ու Ռոբերտ Արզումանյանին մեղադրեց Ալբանիայի հավաքականի խաղը (եթե չեմ սխալվում 0‐3 հաշվով պարտություն) հանձնելու մեջ, որից հետո այդ ֆուտբոլիստները նույնիսկ չէին հրավիրվում ազգային հավաքական։
Սա բուն ֆուտբոլի մասով, բայց ֆուտբոլը նաև չէր կարող անմասն մնալ այն սոցիալ-մշակութային իրականությունից, որի մեջ հայտնվեց մի ամբողջ սերունդ, երբ երիտասարդների մեծ մասի մոտ գողականությունը, անմակարդակ օլիգարխների ռաբիս ապրելակերպի ազդեցությունը, խաղամոլությունն ու մնացած վատ սովորությունները դարձավ դոմինանտող, իսկ նման միջավայրերից բնականաբար չէր կարող դուրս գալ առողջ ապրելակերպով ու դատողությամբ կադրեր։
Այս մարդկանց թվում է, որ եթե մի քիչ ագրեսիվ տոնով ինչ -որ սուտ ես ասում, հնարավոր է հավատացողները շատ լինեն ու ասենք չեն բացի ՀՖՖ կայքէջը ու չեն նայի Հայաստանի հավաքականի այն ժամանակվա արդյունքները։ Օրինակի համար չեն իմանա, որ ասենք Մունդիալ 2006 ընտրկան փուլի շրջանակներում կրկին երկու անգամ պարտվել ենք Հյս. Մակեդոնիայի հավաքականին` 3-0 և 1-2 հաշիվներով։
Ընդհանրապես նման իրավիճակներում չի կարելի ֆուտբոլային բուն խնդիրները թողած, ընկնել ներքաղաքական դրդապատճառներով արվող հայտարարությունների հետևից, որոնց անողների մեծ մասը նույնիսկ մակերեսորեն էլ տեղյակ չէ ֆուտբոլային աշխարհի մասին, բայց ցավալին այն է, որ նման տեքստերով շատ հաճախ խանգարում են ավելի առողջ քննարկումների ձևավորմանն ու դրանից բխող զարգացումներին»։