Պուտինը Շոլցին հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու ՌԴ–ի պատրաստակամության մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից և բաց են երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայության Telegram–յան ալիքը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչների առաջին խոսակցությունը վերջին գրեթե երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել Բեռլինի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև մերձավորարևելյան և ուկրաինական ճգնաժամերի կարգավորումը։
«ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և բաց է բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել էին Կիևի ռեժիմի կողմից», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Պուտինը Շոլցի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել նոր տարածքային իրողությունները հաշվի առնելու և Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության վրա՝ ցանկացած որևէ պայմանավորվածություն ձեռք բերելիս։ Ռուսաստանի առաջնորդը նաև պնդել է, որ այդ համաձայնագրերը պետք է համապատասխանեն Ռուսաստանի Դաշնության ազգային շահերին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո առաջնորդների օգնականները կապի մեջ կլինեն»,- ասվում է հրապարակման մեջ։