Ամերիկյան Meta կորպորացիան կդադարի օգտվել փաստերի ստուգման ծառայություններից՝ իր սոցիալական ցանցերում չափազանց մեծ գրաքննության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Առաջին հերթին մենք կազատվենք փաստերի ստուգիչներից և դրանք կփոխարինենք այն ուղեցույցներով, որոնք առկա են սոցիալական X հարթակում»,- ասել է նա հրապարակած տեսաուղերձում։
Ցուկերբերգի խոսքով՝ կորպորացիան նախկինում ձգտում էր արձագանքել իշխանությունների և ավանդական լրատվամիջոցների պահանջներին, որոնք հորդորում էին ավելի ու ավելի շատ գրաքննություն կիրառել սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ վերջին ընտրությունները «մշակութային ջրբաժան» էին, ինչը խոսում է խոսքի և արտահայտվելու ազատության առաջնահերթությունների մասին, հավելել է Ցուկերբերգը:
«Մենք հասել ենք մի կետի, որտեղ կան չափազանց շատ սխալներ և չափազանց շատ գրաքննություն... Փաստերը ստուգողները քաղաքական առումով չափազանց կողմնակալ էին և ավելի շուտ ոչնչացրին վստահությունը, քան այն ստեղծեցին օգտատերերի շրջանում», - ասել է Ցուկերբերգը:
Meta-ի ղեկավարը հավելել է, որ սոցիալական մեդիայի փաստերի ստուգման գործիքներն ավելի ու ավելի են օգտագործվում տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց լռեցնելու համար: