Մինչև հունիսի 1-ը կթույլատրվի Սևանա լճից 314 տոննա սիգ որսալ
Հասարակություն
Կառավարությունն այսօրվա նիստում կընդունի «2025 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին» որոշումը։
«Հիմք ընդունելով նախագծով սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թվականի ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:
Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ Սևանա լճում ձկան պաշարների նվազման բացասական ռիսկերի գնահատման և ձկնային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով նախագծով արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը»։
Նախագծով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը սահմանվում է պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։
