Հայտնի անձանց մահարձանի պատրաստման և տեղադրման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով
Հասարակություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում փոփոխություն կատարեց պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը տրամադրելու կարգում:
Այսօր գործող կարգով այդ գումարները հատկացվում են հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, ինչպես նաև գործընթացի ժամանակացույցի հարազատների լիովին իրազեկված չլինելու հանգամանքը առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ:
Այս որոշմամբ առաջարկվում է, որ գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց տրամադրելը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով:
Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:
