Ալիկ Արզումանյանին վերադարձրե՞լ են «լվացված փողերը»
Գլխավոր Լուրեր
Ըստ ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրների՝ մի քանի օր առաջ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին է վերադարձվել այն գումարը, որը նրանից առգրավվել էր 2007 թվականին, երբ նրա հանդեպ գործ էր հարուցվել «փողերի լվացման» մեղադրանքով։ «Փողերի լվացման» հոդվածով Ալեքսանդր Արզումանյանը նաև մի քանի ամիս անցկացրել էր անազատության մեջ։ Ըստ այն ժամանակվա հայտարարությունների՝ Արզումանյանի բնակարանից առգրավված գումարը կազմում էր մոտ վաթսուն հազար (60.000) ԱՄՆ դոլար։
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով մենք դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն այնտեղից մեզ ասացին, որ այդ գործին առնչվող բոլոր հարցերով դիմենք ԱԱԾ։ ԱԱԾ մամլո ծառայությունից մեզ տեղեկացրին. «Այդ գործի վարույթը կասեցված է, ուստի քրեական գործով անձին վերաբերող բոլոր հարցերով դիմեք իրեն: Դա անձնական բնույթի հարց է»:
Ալիկ Արզումանյանից փորձեցինք ճշտել՝ որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը: «Դա ընդհանրապես ձեզ վերաբերու՞մ է», - վրդովվեց 2008 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը, ապա ավելացրեց՝ «Գործը չի կարճվել, իսկ մնացածը չեմ մեկնաբանում: Երբ գործը կարճվի, կխոսենք»: Ա. Արզումանյանը նշեց, որ հարցը բողոքարկել է Եվրադատարան, և միայն վճիռի կայացումից հետո կխոսի: Այն հարցին, թե արդյոք իր բողոքարկման մեջ նշվելու է նաև գումարի կետը, վերջինս նշեց, որ դրանք գործի մանրամասներն են. «Այդ հարցը կքննարկենք, երբ կլինեն վճիռներ Եվրադատարանում, և գործը կարճված կլինի»:
Հիշեցնենք, որ Ալիկ Արզումանյանը վերջերս անդամագրվել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին