Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել
Աշխարհ
Բուլղարիայի մաքսային ծառայության աշխատակիցները երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վիդինի մարզում, հայտնաբերել են մոտ 40 կիլոգրամ կոկաին տեղափոխող բեռնատար։ Նախնական գնահատմամբ՝ առգրավված թմրանյութի արժեքը սև շուկայում գերազանցում է 6 միլիոն եվրոն։ Դեպքի մասին հայտնել են բուլղարական լրատվամիջոցները՝ հղում անելով մաքսային ծառայությանը։
Բեռնատարը Նիդեռլանդներից ուղևորվում էր Թուրքիա և տեղափոխում էր հապալասով բեռնված սառնարանային կցորդ։ Կոկաինը հայտնաբերվել է մեքենայի խցիկի գաղտնի հատվածներում։ Ընդհանուր առմամբ առգրավվել է 35 փաթեթ՝ մոտ 39,5 կիլոգրամ ընդհանուր քաշով։ Թմրանյութի հիմնական մասը թաքցված է եղել տախոգրաֆի հետևում։
Բեռնատարը կանգնեցվել է նոյեմբերի 21-ին՝ Վիդինի շրջանի Սկոմլյա գյուղի մոտ՝ Ե-79 մայրուղու վրա։ Մոտ 50-ամյա թուրք վարորդը հայտարարել է, որ տեղյակ չի եղել մեքենայում թմրանյութի առկայության մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութի մաքսանենգության համար, իսկ դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը։
Բուլղարիայի մաքսային ծառայության տվյալներով՝ սա Վիդինի մարզում տարվա ընթացքում հայտնաբերված կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է։ Թմրանյութի վերջնական արժեքն ու բաղադրությունը պետք է հստակեցվեն լաբորատոր փորձաքննությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը