Սևանի ափամերձ տարածքներում առնվազն 150 շինություն նախատեսվում է ապամոնտաժել
Քաղաքական
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում 2027 թվականին նախատեսվում է ապամոնտաժել առնվազն 150 շենք-շինություն և ենթակառուցվածք։ Այս մասին նշված է կառավարության կողմից հաստատված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2027 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացված նախագծով նախատեսվում է նախ գույքագրել 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ջրածածկման ենթակա տարածքներում առկա շենք-շինություններն ու ենթակառուցվածքները և սահմանել առաջնահերթությունները, ապա դրանցից առնվազն 150-ն ապամոնտաժել։
Նախատեսվում է նաև հեռացնել առաջացած թափոններն ու մաքրել համապատասխան տարածքները։ Միաժամանակ նախատեսվում է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողի հողօգտագործման իրավական հիմքերը։
Ծրագրով նախատեսվում է նաև Սևանի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողի համալիր ուսումնասիրություն։
Մասնավորապես, համադրվելու են նրանց ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները։ Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ստեղծել խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ միասնական տվյալների բազա, բացահայտել թույլատրված և փաստացի ջրօգտագործման ծավալների տարբերությունները, իսկ հայտնաբերված խնդիրների դեպքում մշակել դրանց վերացման առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)