Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի
Աշխարհ
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Բոգոր շրջանում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված ապօրինի ոսկու հանքավայրում զոհերի թիվը հասել է 13-ի։ Փրկարարական ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 26-ի առավոտվա դրությամբ ևս 13 հանքափոր համարվում է անհետ կորած։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, երբ մոտակա գետը վարարել է, և ջուրը լցվել է հանքահորերը։
Հանքափորները գտնվել են շուրջ 100 մետր խորության վրա։ Փրկարարական աշխատանքները բարդանում են նեղ, մութ և սայթաքուն հանքուղիների պատճառով։ Որոնողափրկարարական խմբերը կենտրոնացել են 2 հանքահորերի վրա՝ օգտագործելով պարաններ և ջրահեռացման պոմպեր։ Իշխանությունների փոխանցմամբ՝ 11 աշխատողի հաջողվել է ինքնուրույն դուրս գալ մինչև հանքահորերի հեղեղվելը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է շուրջ 325 մարդ՝ փրկարարներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ։ Իշխանությունները հայտնել են, որ որոնումները շարունակվելու են՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու փրկարարների անվտանգությունը։
Պետական «Անտամ» հանքարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել իր գործունեության հետ կապ չունեցող, չարտոնված հանքավայրում։ Ինդոնեզիայում ապօրինի փոքր հանքավայրերում նման վթարները պարբերաբար են գրանցվում՝ անվտանգության կանոնների խախտումների, հեղեղումների և հանքուղիների փլուզումների պատճառով։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում