Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա վիրուսով հաստատված վարակման դեպքերի թիվը հասել է 12 021-ի, իսկ մահացածների թիվը՝ 5904-ի։ Այս մասին նոյեմբերի 26-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով երկրի կառավարության տվյալներին։ Երկրում շարունակվող համաճարակը դարձել է գրանցված պատմության մեջ երկրորդ խոշորագույնը՝ զիջելով միայն 2014–2016 թվականների Արևմտյան Աֆրիկայի բռնկմանը։
Համաճարակը պայմանավորված է էբոլա վիրուսի հազվադեպ՝ Բունդիբուգյո տեսակով։ Այն հայտարարվել է մայիսի կեսերին՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Իտուրի նահանգում, սակայն հետագայում տարածվել է Կոնգոյի 26 նահանգներից 8-ում։ Առողջապահական տվյալներով՝ վարակման դեպքեր են արձանագրվել տասնյակ առողջապահական գոտիներում։
Առողջապահական ծառայությունների աշխատանքը բարդանում է զինված հակամարտությունների, անվտանգության խնդիրների և բուժհաստատությունների ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, նոր վարակվածների միայն մոտ 15 տոկոսն է կապվում առողջապահական մարմիններին արդեն հայտնի շփումների շղթաների հետ, ինչը դժվարացնում է վարակի տարածման վերահսկումը։
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Բունդիբուգյո տեսակի դեմ հաստատված պատվաստանյութեր և հատուկ բուժման միջոցներ դեռ չկան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 18-ին կրկին հայտարարել է, որ բռնկումը շարունակում է մնալ միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում