Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան
ԱրցախՌուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Արցախը չի հրաժարվում իր պետականությունից, իր պետական լեզվից, մենք ունենք միայն մեկ պետական լեզու՝ դա հայերենն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա համոզված է, որ Արցախում ռուսերենի՝ որպես պաշտոնական երկրորդ լեզվի ընդունումը, չի կարող վատ հետևանքներ ունենալ Արցախի վրա, եթե հետևանքներ, ապա միայն դրական. «Սա որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայերենի տեղի ու դերի վրա: Հայոց լեզուն Արցախի պետական լեզուն է, այն մեր ինքնության, մեր ինքնագիտակցության, անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն գրավականն է: Ես չեմ ուզում, որ մենք զբաղվենք շահարկումներով, այլ մոտենանք հարցերին սառնասրտորեն, այնպես անենք, որ մեր երկրին այն օգուտ բերի: Արցախում որևէ մեկը հայերենի տեղն ու դերը չի կարող կասկածի տակ դնել»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Վերջինս այն համոզմանն է, որ այդ որոշումը դեռ պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ Արցախը նոր էր ստեղծվել, որը էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեր Արցախի Հանրապետության համար. «Եթե մենք պատմությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Արցախի Հանրապետության հռչակագիրը առաջին անգամ ընթերցվել է ռուսերեն: Մենք երևի պետք է ժամանակին այդ հարցը լուծեինք, երբ Արցախի Հանրապետությունը նոր էր ստեղծվել, որովհետև Բաքվից Սումգայիթից այնքան փախստականներ էին եկել Արցախ, որոնք հիմնականում ռուսախոս էին: Նրանց հիմնական մասը լքել է Արցախը նաև ինտեգրվել չկարողանալու պատճառով, և մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր քաղաքացիների՝ քանակական առումով, այլ նաև ինտելեկտուալ առումով՝ կորցրել ենք մեծ ներուժ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Դավիթ Բաբայանը մեծ հույս ունի, որ Արցախում ռուսերեն լեզվի պաշտոնական դարձնելը, էլ ավելի կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին և կխորացնի նրանց միջը կապը. «Մենք պետք է ավելի խորացնենք մեր կապերը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Սփյուռքի ամենամեծ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 3 մլն հայեր կան այնտեղ: Ավելին՝ այդ 3 մլն հայերից մի պատկառելի մասը արցախցիներ են: Ավելի շատ արցախցի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, քան Արցախում: Այս տեսակետից ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալը մեր հանրապետությունում, կարծում եմ, առնվազն վնաս չի հասցնի, ընդհակառակը, կարող է օգուտ տալ»,- նշեց նա:
ԱՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ խնդիրը լեզվի մեջ չէ, այլ՝ ինքնագիտակցության մեջ. «Ինչի՞ չկա մարդ, որ միայն հայերեն է խոսում, բայց գող ու ավազակ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջին հերթին մեր շահերից բխի և դրական ազդի մեր երկրի տնտեսության, քաղաքական վարկանիշի և տարբեր հարթությունների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ առանձնացնելով ադրբեջաներենը, որը, ինչպես նշեց նա, մեզ համար չի կարող ընդունելի լինել. «Բայց այն մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հակառակորդին: Տեսեք, թե իրենք իրենց մոտ ինչ մակարդակի են բարձրացրել հայերենի իմացության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Զվարթ Պետրոսյան