ՔՊ-ականներին թեժ սեպտեմբեր է սպասվում. հանուն իշխանության պայքարը սրվել է
ՎերլուծականԱյս տարվա սեպտեմբերին նախատեսված ՔՊ վարչության ընտրություններն արդեն իսկ լուրջ խմորումներ են առաջացրել իշխող կուսակցության ներսում։ Ինչպես և սպասվում էր` ՔՊ-ականները կատաղի պայքար են մղում` վարչության կազմում իրենց տեղը ապահովելու համար։ Հաշվի առնելով, որ կրճատված վարչության կազմում վստահաբար տեղ են գտնելու Փաշինյանի նեղ կրուգը` փաստացի երկու-երեք տեղի համար է իրական մրցակցությունն ընթանալու։
Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Թորոսյանը մարզերում վոյաժներ է սկսել` փորձելով այնտեղ ձայներ հավաքել և շահել տեղի ՔՊ-ականների սիրտը։
Հաջորդը Վիլեն Գաբրիելյանն է, ում հետ կապված վստահություն առկա չէ` հաշվի առնելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու նրա կապը:
Վերընտրվելու մեծ ցանկություն ունի նաև ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն մամուլը բազմիցս էր գրել, որ իշխանական վերնախավում Պետրոսյանից դժգոհությունները աճում են և չի բացառվում, որ նա շուտով ընդհանրապես լքի ՊՎԾ պետի պաշտոնը։ Այնուամենայնիվ, նա չի հանձնվում և առնվազն Կոտայքում իր յուրայինների միջոցով փորձում է ձայներ հավաքել։ Բնականաբար, նրա մրցակիցը այստեղ Սասուն Միքայելյանն է, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը և այս առումով Կոտայքի ՔՊ ակտիվի ձայների համար լուրջ պայքար է սպասվում։
Համառ պայքար է նաև հավերժ մրցակիցներ Արփի Դավոյանի և Կարեն Համբարձումյանի միջև։ Վերջիններիս պայքարը այս օրերին արտահայտվում է Սիսիանում, որտեղ Արփի Դավոյանի օգնականը բացահայտ հակաքարոզչություն է տանում Կարեն Համբարձումյանի պրոտեժե համարվող համայնքապետի թեկնածու Արմեն Հակոբջանյանի դեմ։
Մարզային վոյաժների մեջ է նաև ուջանցի Գեւորգ Պապոյանը, նա վերջերս հանդիպել է կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները և բնականաբար շահելու տեղի կուսակցական ակտիվի սիրտը։
Վարչության կազմում, ըստ քվոտայի, երկու կին պետք է լինեն, ուստի տղամարդկանց պայքարից ոչ պակաս, իսկ տեղ-տեղ նաև ավելի անզիջում պայքար է ընթանում ՔՊ-ական կանանց շրջանում։ Մասնավորապես` Արփի Դավոյանը, ով, ինչպես նշեցինք, պայքարում է մեկ այլ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, պայքարում է նաև ՔՊ-ական Լենա Նազարյանի և Նազելի Բաղդասարյանի հետ։
Թե ով ՔՊ-ականներից ի վերջո կհասնի իր բաղձալի նպատակին՝ ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները շարունակում են իրար կոկորդ կրծելու ավանդույթը...