«Դեմքին խելոք արտահայտություն տալ փորձելը դեռ խելքի նշան չէ…»
Բլոգոսֆերա
Տարոն Պարսամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեմքին խելոք արտահայտություն տալ փորձելը դեռ խելքի նշան չէ…
Հրաչյա Ռոստոմյան անուն-ազգանունով երիտասարդը՝ կրթությամբ ատամնատեխնիկ, ով վերջին տարիներին ԲՀԿ-ությունը համատեղել է նաեւ սպորտի նախարարի եւ օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի կարեւոր պաշտոնների հետ, ցավոք, այդպես էլ չի գիտակցել թեկուզ ԲՀԿ-ության հետ համատեղությամբ իր զբաղեցրած պաշտոնների կարեւորությունը:
Հասունության խնդիր է, անշուշտ: Երբ մարդիկ իրենց մասնագիտություններում չեն կայանում, սովորաբար չեն հասունանում: Անշուշտ, չէի անդրադառնա այդ երիտասարդի ֆեյսբուքյան գրառմանը, մանավանդ, որ դրան բացի մի քանի կուսակցականներից ու «Հայկազ ախպորից», ոչ ոք լուրջ չի վերաբերվել: Կարդացեք վերջինիս գրառման տակ արված մեկնաբանություններն ու կհամոզվեք:
Ընդհանրապես, երբ մեկին կամ նրա գործունեությանը հասարակությունում լուրջ չեն վերաբերվում, դա մտածելու տեղիք պետք է տա: Ես էլ այն կարծիքին եմ, որ այդպիսի մարդկանց չպետք է ավելի տեղ տալ, քան իրենք վաստակել են, սակայն Հրաչյա Ռոստոմյանին անդրադառնում եմ, որովհետեւ այդ երիտասարդն իր գերանտեղյակության ու գերդիլետանտիզմի դիրքերից փորձ է անում «վերլուծել» հայկական ֆուտբոլին՝ մասնավորապես մանկապատանեկան ֆուտբոլին ու Հայաստանի ազգային հավաքականին վերաբերվող խնդիրներ ու փորձ է անում «մտքեր» արտահայտել:
Ոչ հասուն (նույնիսկ՝ հասուն) ցանկացած երիտասարդ, անշուշտ, կարող է անտեղյակ լինել ֆուտբոլային խնդիրներին, բայց, երբ ինչ որ ժամանակ սպորտի նախարար աշխատած մարդը եւ օլիմպիական կոմիտեի ներկայիս գլխավոր քարտուղարը բակերում ֆուտբոլ խաղացող յոթ-ութ տարեկան երեխայի մակարդակով անգամ չի տիրապետում ֆուտբոլին, ֆուտբոլային իրականությանը, բայց փորձում է խելոք երեւալ, այդ պարագայում են ասում, որ դեմքին խելոք արտահայտություն տալ փորձելը դեռեւս խելոքության նշան չէ, եւ փորձում են նրան որոշ բաներ հասկացնել:
Նույնիսկ գերանտեղյակությունն ու գերդիլետանտիզմը թույլ չեն տալիս ասել, որ «հավաքականի որոշակի հաջողությունները ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական եւ հոլանդական ֆուտբոլի դպրոցների հաջողություններն են: Չմոռանանք, թե որտեղ են ֆուտբոլիստներ դարձել Օզբիլիսը, Մովսիսյանը, Սարկիսովը, Մխիթարյանը…»…: Սա ասում է Հրաչյան:
Երիտասարդին հիշեցնենք, որ ֆուտբոլը թիմային մարզաձեւ է, ֆուտբոլ խաղում են քսաներեք հոգով, պահեստայինների նստարանով, դրան ֆուտբոլիստ մատակարարող դպրոցներով, մարզիչներով եւ Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաջողությունները նախ եւ առաջ լուրջ թիմային աշխատանքի արդյունք են, (ինչպես նաեւ՝ բացթողումները), որոնք իրականություն են դարձել ուղն ու ծուծով հայկական նոր ֆուտբոլի դպրոցն անցած եւ այդ դպրոցում կայացած Վարդան Մինասյանի աշխատանքի արդյունքում: Իսկ երբ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին քայլերն էր անում ՀՖՖ նախագահի հիմնադրած «Փյունիկում», այնուհետեւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում ու ուշադիր հայացքի ներքո տարիներով նախապատրաստվում էր այսօրվա մեծ ֆուտբոլին, ինքը, հավանաբար, յուրացնում էր ատամնատեխնիկի մասնագիտության նրբությունները:
Իսկ գիտի՞, արդյոք, օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարը, թե Երեւանի եւ Հայաստանի մարզերի որ դպրոցներում են կայացել հավաքականի ֆուտբոլիստներ Գեւորգ Ղազարյանը, Վարազդատ Հարոյանը, Կառլեն Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հրայր Մկոյանը, Վալերի Ալեքսանյանը, Ռոման Բերեզովսկին, մյուսները, կարող է՞, արդյոք, թվարկել հավաքականի բոլոր ֆուտբոլիստների անունները: Ասենք, որ հայկական ֆուտբոլային դպրոցում, հատկապես վերջին տասը տարիներին կայացած հայկական ֆուտբոլային դպրոցում: Իսկ Մովսիսյանը, Օզբիլիսը, Սարկիսովը, եթե նույնիսկ հայկական ֆուտբոլային դպրոցի ներկայացուցիչներ չեն, ապա հայ են, իսկական հայ, հայի արյուն ունեն:
Եթե այս երիտասարդը, թեկուզ նախարար եղած ժամանակ, օդանավակայան ծաղիկ հասցնելու փոխարեն գոնե մեկ անգամ այցելեր ֆուտբոլի մեկ մանկապատանեկան դպրոց, ուղղակի կտեսներ, որ միայն ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գերժամանակակից տեխնիկական կենտրոնում, գերժամանակակից պայմաններում գիշեր-ցերեկ ֆուտբոլով զբաղբվում է ավելի քան 700 երեխա, հարյուրավոր երեխաներ ընդգրկված են «Բանանցի» մանկապատանեկան թիմերում ու օգտվում են «Բանանցի» ֆուտբոլային ակադեմիայի գերժամանակակից պայմաններից, ավելի քան 1000 երեխա ֆուտբոլով զբաղվում է «Փյունիկի» մանկապատանեկան թիմերում, հարյուրավոր երեխաներ «Գանձասարի», «Շիրակի» մանկապատանեկան թիմերում ու այդպես՝ մոտ 10.000 երեխա տարբեր տարքիային խմբերում:
Այդ գերժամանակակից ենթակառուցվածքները՝ մարզադաշտերը, խաղադաշտերը, հանդերձարանները, մարզական գույքը, հանդերձանքը եւ այլն, վերջին տասը տարիների արդյունք են, ՀՖՖ նախագահի, նրա ղեկավարած թիմի, միջազգային կազմակերպությունների հետ կատարած աշխատանքի արդյունքը: Շուտով գերժամանակակիցների թվին կդասվեն նաեւ Գյումրիի ու Վանաձորի ֆուտբոլային ակադեմիաները եւ այդպես շարունակ:
Իսկ գուցե Հրաչյա Ռոստոմյանը փորձեր ֆեյսբուքյան իր էջի գրառումներով, թեկուզ, մեր աչքը մտցնել իր ղեկավարած (չենք չափազանցնում, պաշտոնն է այդպիսին) օլիմպիական կոմիտեի գերժամանակակից բազաները Երեւանում ու մարզերում, օլիմպիական կոմիտեի կամ իր ղեկավարած սպորտի նախարարության շնորհիվ կայացած մարզական ֆեդերացիաները, նրանց հաջողությունները, ցույց տար Երեւանում ու մարզերում լողով, ջրացատկով, մարմնամարզությամբ, հեռացատկով, որոնցով ժամանակին հպարտ էր Հայաստանը, ձեռքի գնդակով, վոլեյբոլով, կամ… կներեք բասկետբոլով զբաղվող հազարավոր պատանիներին, մանկապատանեկան թիմերին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին, ցույց տար դրանց զարգացման համար ստեղծված ենթակառուցվածքները: Ի վերջո, երկար ժամանակ ղեկավարում է հայկական սպորտը, ատամնատեխնիկ չդառնալուց հետո էլ արդեն յոթ տարի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է, որը գոյություն չունի, իսկ Հայաստանի պատիվը բարձր պահած «Հատիսն» էլ միայն լավ հիշողություն է:
Եթե չգիտե երիտասարդը, թե ում փողերով է կառուցված ֆուտբոլի ակադեմիան, որի նմանը Եվրոպական շատ երկրներում, Ռուսաստանում, տարածաշրջանի երկրներում չկա, կարող է կարդալ ՀՖՖ-ի ֆինանսական հաշվետվությունները, որոնք բաց փաստաթղթեր են: Ի վերջո, գլխավոր քարտուղարը նաեւ պետք է կարդա, քանի որ ֆուտբոլը նաեւ օլիմպիական մարզձեւ է: Գուցե մի քանի ակադեմիա էլ իրենք կառուցեին, դրանց ֆինանսական աղբյուրները հրապարակայնացնեին, իրենք էլ իրենց վերադաս կառույցի փողերը կարողանային Հայաստան բերել, ներդնել սպորտում, ոչ թե Երեւանի կենտրոնում, սրտում սպորտի դպրոցի փոխարեն բարձրահարկ շենք կառուցեին: Գերժամանակակից մարզագույք ու լուրջ բրենդային մարզահագուստ ապահովեին թեկուզ հավաքական թիմերի համար: Ուզում ե՞ք, թվարկենք, թե այլ երկրներում ինչեր են անում ու ինչպես:
Եթե մի անգամ Հրաչյան հագներ իր կարմիր մարզահագուստն ու մտներ ֆուտբոլի ակադեմիա՝ որպես նախարար, կամ որպես գլխավոր քարտուղար, գուցե որոշ պատկերացում ունենար:
Անշուշտ Հրաչյային կարող ենք ավելի խորքային բաներ բացատրել ակումբային ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի, մանկապատանեկան ֆուտբոլի մասին, բայց հասունության մակարդակի խնդիրներ են դրանք, մանավանդ, որ կանանց ֆուտբոլի եւ ծանրամարտում կանանց ներգրավվածության հարցի բացատրությունն անգամ չի ընկալվել: Պարզ խնդիր է, շատ պարզ. նորից ենք բացատրում, եթե մեկը, մի աղջիկ, մի կին անհատ կարող է իրեն նվիրել ծանրամարտին եւ կայանալ ու նույնիսկ աշխարհի չեմպիոն դառնալ, ապա մի հոգով ֆուտբոլ չեն խաղում: Ֆուտբոլ խաղում են քսաներեք հոգով, բայց քսաներեք հոգի ընտրելու համար տարիներ շարունակ տասնյակ, հարյուրավոր աղջիկներ պետք է ֆուտբոլ պարապեն: Հասկացվե՞ց հիմա տարբերությունը: Պարզ էր, չէ՞:
Եթե ինչ որ բան դեռ այսքանից հետո չհասկացվեց, իսկապես սառը ջուր խմելը կօգնի, կամ «Նոյ» կոնյակ, եթե…կտան:
Այնուամենայնիվ, օդանավակայան ծաղիկ հասցնելուց…ներողություն, ֆեյսբուքում գրառումներ անելուց առաջ մտածեք, որքան էլ, որ դա դժվար է…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն