«Վեցյակի» հետ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանը գազի արտահանումն ավելացրել է 258 տոկոսով
Աշխարհ
Իրանն անցյալ տարվա նոյեմբերին «վեցյակի» հետ իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի ստորագրումից հետո գազի արտահանումն ավելացրել է 258 տոկոսով: Համաձայնագիրը Արևմուտքի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում է նախատեսում է նրա միջուկային ծրագրի կրճատման դիմաց: Ինչպես ապրիլի 9-ին հաղորդել է ԻՍՆԱ գործակալությունը, միայն հեղուկացված գազի մատակարարումները 2013 թվականին օրական 195 հազար բարելից ավելացել են մինչև 504 հազար բարել: Իրանական գազի արտահանումից եկամուտների ընդհանուր ծավալն այդ ժամանակաշրջանում արժեքային արտահայտությամբ հասել է 10,3 մլրդ դոլարի:
Իրանը բնական գազի արդյունահանմամբ աշխարհի առաջատար երկրներից մեկն է: «Հարավային Պարս» հանքավայրի 12 նոր տեղամասերի շահագործմամբ երկրում «երկնագույն վառելիքի» օրական միջին հանույթը, ինչպես սպասվում է, 2016 թվականին կհասցվի 1,2 մլրդ խորանարդ մետրի: Իրանական գազի ապացուցված պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում է 29,1 տրիլիոն խորանարդ մետր:
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիջան Նամդար Զանգենեն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է առաջիկայում նավթի արդյունահանումն օրական 2,8 մլն բարելից ավելացնել մինչև 4,2 մլն բարել: ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Թեհրանը «չի սպասելու ԱՄՆ-ի թույլտվությանը», և որ ԱՄՆ-ի ու նրա արևմտյան գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցները խոչընդոտ չեն դառնա արտահանումն ավելացնելու համար:
«Մենք նավթի արտահանումն ավելացնելու ծավալուն պլաններ ունենք, մենք արդեն ավելացրել ենք դրա արդյունահանումը, որպեսզի լրացնենք ՕՊԷՔ-ի բաժնեչափը»,-ասել է նախարարը:
Զանգենեն զգուշավոր լավատեսություն է հայտնել նավթային պատժամիջոցների չեղարկման հեռանկարների կապակցությամբ, բայց նշել է, որ «եթե դրանք պահպանվեն, ապա մենք կաշխատենք՝ ելնելով այդ դրությունից»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու