Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությանը
Աշխարհ
Գերագույն ռադան որոշում է ընդունել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությանը հավանություն տալու մասին:
Այս մասին լրագրողներին հայտարարել է հանրապետության առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման՝ ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ Գերագույն ռադայի դռնփակ նիստից հետո, հաղորդում է «Ուկրինֆորմը»:
«Ընդունվել է Գերագույն ռադայի որոշում այն գործողություններին հավանություն տալու մասին, որոնք այսօր Ուկրաինայի արևելքում իրականացնում են իրավապահ մարմինները, պաշտպանության նախարարությունը և բոլոր ուժային կառույցներն իրավակարգի և մեր երկրի ամբողջականության ապահովման ուղղությամբ»,-ասել է Յարեման:
Միևնույն ժամանակ լրագրողի ճշտող հարցին, թե նիստում չի քննարկվել արդյոք Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու հարցը, փոխվարչապետը պատասխանել է. «Ո՛չ»:
Ավելի վաղ ՈՒԴԱՌ խմբակցությունից ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կունիցինը Գերագույն ռադայի կողասրահներում լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը խորհրդարանի դռնփակ նիստում դեմ է արտահայտվել Ուկրաինայի հարավում և արևելքում արտակարգ դրություն սահմանելուն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առաջին փոխվարչապետ Յարեման նաև հայտնել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը իրադրությունն ուսումնասիրելու համար մեկնել է Ուկրաինայի արևելք, որտեղ ապրիլի 15-ին սկսվել է ֆեդերալացման կողմնակիցների դեմ հատուկ գործողությունը:
«Մենք տեղեկատվություն ենք ստացել, որ այժմ պաշտպանության նախարարը ժամանել է տարածաշրջան և կզեկուցի, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու