ՍԴՀԿ-ն կոչ է անում ապրիլի 24-ը չկապել ներքաղաքական առճակատումների հետ
Քաղաքական
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը Հայաստանում ներկա դրությամբ օրակարգային մեկ հարց ունի' իրականացնել ինքնակազմակերպման գործընթաց: ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի փոխանցմամբ, սա չի նշանակում, որ քաղաքական զարգացումներ չեն լինելու: ՍԴՀԿ-ն մասնակցելու է քաղաքական գործընթացներին և յուրաքանչյուր հարցի առնչությամբ ներկայացնելու իր տեսակետը: «Մեր ներկայությունը Հայաստանի կյանքում դրական ներդրում կունենա: ՍԴՀԿ-ն, որպես արժեք ներկայացնող գաղափարական կուսակցություն, իր բացը կլրացնի Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հայ հասարակության մեջ կա վստահության պակաս քաղաքական վերնախավի հանդեպ, չկա վստահություն նաև ընդդիմության նկատմամբ: Սոցիալական անմխիթար վիճակը, անգործությունն ու հույսի բացակայությունը ստիպում են մարդկանց դիմել արտագաղթի: Քաղաքական ուժերը պետք է գիտակցեն այս տագնապալի վիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, փետրվարի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տիգրանյանը' հավելելով, որ կուսակցությունում կողմնակից են համակարգային փոփոխություններին:
«Ներկա սահմանադրությամբ իշխանությունն ու պետականությունը հոմանիշներ են: Սահմանադրական փոփոխությունը լավ առիթ է, որը պետք է օր առաջ իրականացնել, և Հայաստանն անցնի խորհրդարական համակարգի»,- ասաց Տիգրանյանը: Նա շեշտեց, որ կուսակցությունում ողջունում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը' վստահ լինելով, որ այն Հայաստանի տնտեսական զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ Հակոբ Տիգրանյանը շեշտեց, որ Արցախը պետք է միջազգային ճանաչում ստանա, և իրենց կուսակցությունն էլ, տարբեր երկրներում համագործակցելով հայկական այլ կառույցների հետ, սկսել է ԼՂ միջազգային ճանաչման գործընթացը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ներկայացված համահայկական հռչակագրին, ապա, Հակոբ Տիգրանյանի գնահատմամբ, հռչակագրում տեղ գտած դրույթները նոր ռազմավարության հիմքն են:
«Գտնվում ենք նոր հանգրվանի առաջ, և նոր հանգրվանը կամրագրվի արդիական մոտեցմամբ և իրավական լուրջ գործելաոճով»,- ասաց Տիգրանյանը' քաղաքական գործիչներին և կուսակցություններին կոչ անելով հատկապես ապրիլ ամսվա ընթացքում զերծ մնալ քաղաքական ներքին առճակատումներից և ապրիլի 24-ը չկապել ներքաղաքական հարցերի հետ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու