Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը
Այլ
Օրը մեջ ընդմիջումներով ծոմապահությունը կարող է նպաստել ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների աշխատանքի վերականգնմանը և արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում։ Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ Միչիգանի համալսարանի հետազոտողները։ Մկների վրա իրականացված փորձի արդյունքները հրապարակվել են Molecular Metabolism գիտական ամսագրում։
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում օրգանիզմի բջիջները կորցնում են ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Դրա հետևանքով ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները ստիպված են ավելի շատ ինսուլին արտադրել՝ արյան մեջ գլյուկոզայի բնականոն մակարդակը պահպանելու համար։ Ժամանակի ընթացքում ավելացած ծանրաբեռնվածությունը կարող է խաթարել դրանց աշխատանքը։
Փորձի ընթացքում գիտնականները շաքարային դիաբետ ունեցող մկներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի կենդանիները ստացել են ցածր կալորիականությամբ սնունդ՝ առանց սնվելու ժամանակային սահմանափակումների, իսկ երկրորդ խմբի կենդանիները շարունակել են սնվել ճարպերի բարձր պարունակությամբ մթերքներով, սակայն միայն օրը մեջ։
Հինգ շաբաթ անց երկրորդ խմբի կենդանիների արյան մեջ շաքարի մակարդակն ամբողջությամբ կարգավորվել է։ Միևնույն ժամանակ, երկու խմբերում էլ կենդանիների մարմնի քաշը և ընդունած կալորիաների ընդհանուր քանակը համադրելի են եղել։
«Սննդի ընդունման միջև երկարատև ընդմիջումները բետա բջիջներին հնարավորություն են տալիս վերականգնվել ավելացած ծանրաբեռնվածությունից հետո։ Արդյունքում դրանք կարող են ավելի շատ ինսուլին կուտակել և սննդի ընդունումից հետո անհրաժեշտ քանակությամբ արտազատել այն»,- պարզաբանել են հետազոտողները։
Միևնույն ժամանակ, գիտնականները նախազգուշացրել են, որ նախկին սննդակարգին վերադառնալը կարող է հանգեցնել հիվանդության կրկնակի զարգացման։ Բացի այդ, մարդկանց շրջանում երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար ընդմիջումներով ծոմապահության արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար