18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ
Այլ
Չինաստանից 18-ամյա աղջկա մոտ միաժամանակ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) 18 տեսակ, որոնցից տասը դասվում են բարձր ուռուցքածին ռիսկ ունեցող տեսակների շարքին։ Հազվադեպ դեպքն արձանագրել են Հանչժոու քաղաքի Ցյանբաո առողջապահական կենտրոնի և Լինպին շրջանի մոր ու մանկան առողջության պահպանման հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի մասնագետները, հաղորդում է չինական Toutiao պարբերականը։
Լինլին անունով աղջիկը Հանչժոու էր ժամանել հարազատներին այցելելու նպատակով։ Ավելի քան կես տարի նա ցավեր է ունեցել արտաքին սեռական օրգանների շրջանում և օտար մարմնի առկայության զգացողություն։ Վերջին շրջանում անհարմարությունն ուժեղացել է և սկսել խանգարել նրա բնականոն կյանքին։
Զննման ընթացքում բժիշկներն արտաքին սեռական օրգանների շրջանում հայտնաբերել են ծաղկակաղամբ հիշեցնող բնորոշ գոյացություն։ Արտաքին տեսքով այն համապատասխանել է սրածայր կոնդիլոմային, որը մարդու պապիլոմավիրուսային վարակի դրսևորումներից մեկն է։
Պարզելու համար, թե վիրուսի որ տեսակներով է վարակված պացիենտը, մասնագետները նշանակել են մարդու պապիլոմավիրուսի տեսակների որոշման բարձր ճշգրտությամբ հետազոտություն։ Լաբորատոր հետազոտությամբ միաժամանակ հայտնաբերվել է վիրուսի 18 ենթատեսակ։ Բժիշկներն արձանագրել են նաև բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն և վարակի մի քանի տեսակների համակցում։
Մասնագետների ուշադրությունը հատկապես գրավել է բարձր ուռուցքածին ռիսկ ունեցող տասը տեսակի առկայությունը։ Մարդու պապիլոմավիրուսի նման տեսակներից մի քանիսը կապված են նախաքաղցկեղային փոփոխությունների և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հետ։ Սակայն բարձր ռիսկի պապիլոմավիրուսի հայտնաբերումն ինքնին չի նշանակում, որ մարդու մոտ անպայման քաղցկեղ կզարգանա։
Հետազոտությունից հետո բժիշկներն աղջկա մոտ ախտորոշել են բազմատեսակ պապիլոմավիրուսային վարակ և սրածայր կոնդիլոմաներ։ Ներկայում պացիենտը բուժում է ստանում։
Բժիշկները նշում են, որ մարդու պապիլոմավիրուսային վարակը հաճախ ընթանում է առանց արտահայտված ախտանշանների։ Վիրուսի կոնկրետ տեսակները հնարավոր է որոշել միայն լաբորատոր հետազոտության միջոցով։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար