Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան
Այլ
Եղնջացանը հաճախ շփոթում են սննդային կամ դեղորայքային ալերգիայի հետ, թեև մաշկային ցանը կարող է առաջանալ նաև առանց ալերգենների հետ շփման։ Այն կարող է պայմանավորված լինել ցրտով, ջերմությամբ, շփումով, մաշկի վրա գործադրվող ճնշմամբ և նույնիսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտնել է «Մեդիցինա» կլինիկայի ալերգոլոգ-իմունոլոգ Զլատա Երմակովան։
Եղնջացանն արտահայտվում է մաշկի մակերևույթից բարձրացած, քոր առաջացնող բշտիկներով, որոնք հիշեցնում են եղինջի այրվածքի հետքեր։ Դրանք առաջանում են հիստամինի և մաշկի այտուց առաջացնող այլ նյութերի արտազատման հետևանքով։
«Նման ռեակցիայի պատճառ կարող են լինել ոչ միայն սննդամթերքն ու դեղամիջոցները, այլև վարակները։ Քրոնիկական ինքնաբուխ եղնջացանի դեպքում հաճախ ընդհանրապես չի հաջողվում բացահայտել հիվանդությունը հրահրող կոնկրետ գործոնը»,- հայտնել է բժշկուհին։
Մեկ այլ տարածված թյուր կարծիք է այն, որ եղնջացանն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Հիվանդության սուր ձևը սովորաբար անցնում է մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։
Եթե ախտանշանները պահպանվում են կամ պարբերաբար կրկնվում ավելի քան վեց շաբաթ, հիվանդությունը համարվում է քրոնիկական։ Այն կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ, սակայն գոյություն ունեն բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերահսկել մաշկային ցանը։
«Եղնջացանի դեպքում հաճախ թույլ տրվող սխալներից մեկը խիստ հիպոալերգենային սննդակարգի անցնելն է։ Որոշ մթերքներ սննդակարգից բացառելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ հաստատվել է դրանց օգտագործման և ախտանշանների առաջացման միջև կապը։ Անհիմն սահմանափակումները կարող են հանգեցնել սննդանյութերի պակասի և կյանքի որակի վատթարացման»,- «Газета.Ru»-ի հետ զրույցում նախազգուշացրել է Երմակովան։
Եղնջացանը մաշկային այլ հիվանդություններից տարբերելուն օգնում են ցանի բնորոշ առանձնահատկությունները։ Սովորաբար առանձին բշտիկը մաշկի տվյալ հատվածից անհետանում է մեկ օրվա ընթացքում, թեև այլ հատվածներում կարող են նոր բշտիկներ առաջանալ։ Եթե դրանք ավելի երկար են պահպանվում, ցավ են պատճառում կամ կապտուկներ թողնում, անհրաժեշտ է դիմել բժշկի։
«Հատկապես վտանգավոր են լեզվի կամ կոկորդի այտուցը, շնչառության դժվարացումը, ուժեղ գլխապտույտը և գիտակցության կորուստը։ Նման ախտանշանները կարող են վկայել անաֆիլաքսիայի՝ անհապաղ բժշկական օգնություն պահանջող ծանր ալերգիկ ռեակցիայի մասին»,- եզրափակել է ալերգոլոգը։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար