Apple-ը գործարկում է Apple News ծառայությունը
Բլոգոսֆերա
Apple ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս գալիս նոր հավելվածով, որը շարժական սարքերի, ներառյալ սմարթֆոնների տերերին ընձեռում է օպերատիվ նորություններին ծանոթանալու հնարավորություն: Ծառայությունն ստացել է Apple News անվանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դրա գործարկման մասին Սան Ֆրանցիսկոյում հայտարարվել էր Apple-ի մշակողների համաշխարհային խորհրդաժողովում (WWDC): Հունիսի 10-ին ընկերությունը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել իր նոր տեղեկատվական հավելվածի վերաբերյալ: Այն ներառված է iOS 9 նորագույն գործառնական համակարգի պլատֆորմում, որը շուկա կհանվի առաջիկա աշնանը: «Ծառայությունը հնրավորություն է ընձեռում Apple-ի նոր տեղեկատվական ձևաչափով ընթերցելու հոդվածներ և նորությունների հաղորդումներ 50 հրատարակություններից»,- նշել է ABC հեռուստաալիքը:
Apple News-ի մասնակիցներ են դարձել, այլոց թվում, ամերիկյան New York Times թերթը, բրիտանական Daily Mail-ը, Economist շաբաթահանդեսը, Time մեդիահոլդինգը, BuzzFeed ինտերնետ-պորտալը, ESPN հեռուստաալիքը, Vox Media խմբի մի քանի հրատարակություններ, Conde Nast-ը, Hearts-ը: Դրանցից յուրաքանչյուրը Համացանցում ունի սեփական պորտալը, սակայն այժմ այդ զանգվածային լրատվամիջոցներն Apple News-ի նորությունների ծառայությունում ներկա կգտնվեն նոր և միակ վիրտուալ տարածությունում:
«Մենք այս քայլը դրական ենք համարում, քանի որ նորամուծությունը կներգրավի այն օգտատերերին, որոնք չեն եղել մեր մշտական ընթերցողները»,- հայտարարել է New York Times Company-ի նախագահ Մարկ Թոմփսոնը:
Ինչպես նշում են մասնագետները, Apple-ի կողմից այս քայլը պատասխանն է անցյալ ամսին Instant Articles-ի՝ Facebook-ի համանման ծառայության հայտնվելուն: Instant Articles-ն իր մասնակիցներին՝ առաջատար զանգվածային լրատվամիջոցներին, հնարավորություն է ընձեռում ուղղակիորեն հոդվածներ ուղարկել Fecbook, այլ ոչ թե ընթերցողներին ներգրավել սեփական էջեր:
Նրանց թվում, ովքեր մասնակցում են Facebook-ի նոր ծառայությանը, NBC հեռուստաալիքն է, Comcast Corp մեդիախումբը, National Geographic հանդեսը:
Իր հայեցակարգով Apple News-ը նման է Flipboard-ին, որն օգտատերերին հնարավորություն է ընձեռում ստեղծելու նորությունների սեփական դաշտը: Ըստ որում Apple-ը վստահեցնում է, որ հրատարակությունները կստանան այն գովազդի ամբողջ 100 տոկոս եկամուտը, որը դրանք կվաճառեն ինքնուրույն, եւ այն գովազդի եկամուտների 70 տոկոսը, որը դրանց էջերի համար կստանա AppleiAd գովազդային ծառայությունը: Այդ պայմանները համանման են այն բանաձեւին, որը գործում է Facebook ընկերության Instant Articles ծառայության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել