Եվրախորհուրդն ահաբեկչական սպառնալիքի պատճառով չեղյալ է հայտարարել հանդիպումները Բրյուսելում
Աշխարհ
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի պատճառով Եվրոպայի խորհուրդը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 23-ին նշանակված հանդիպումների մեծ մասը, բացի առավել կարևորներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քաղաքական մարմնի անվտանգության ծառայությունը վտանգի ներքին մակարդակը բարձրացրել է մինչև «նարնջագույն»:
«Վտանգի մակարդակի բարձրացման պատճառով գլխավոր քարտուղարության հետ համաձայնեցման խորհրդի նախագահը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել ոչ առաջնակարգ կարևորության հանդիպումների մեծ մասը, որոնք վաղը ծրագրված էին խորհրդի շենքում»,- ասված է նոյեմբերի 22-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ներկայումս Բրյուսելում շարունակվում են այն գործողությունները, որոնք առնչություն ունեն քաղաքի վրա իսլամիստ-զինյալների հարձակման սպառնալիքի հետ: Ոստիկանությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրել է չհաղորդել այդ գործողությունների մանրամասնությունները, իսկ տեղի բնակիչներին՝ սոցցանցերում չգրել, օրինակ, ոստիկանության ակտիվության վայրերի մասին:
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտնել է, որ Բրյուսելում առնվազն ևս մեկ օր կպահպանվի ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակը: Երկրի մնացած մասում այդ մակարդակը կիջեցվի չորս հնարավորից մինչև երրորդ: Վարչապետի խոսքով՝ գոյություն ունեն լուրջ կասկածներ, որ փարիզյանին նման ահաբեկչական գործողությունները կարող են կրկնվել նաև Բելգիայի մայրաքաղաքում:
Նոյեմբերի 23-ին Բրյուսելում բոլոր դպրոցները, համալսարանները և մետրոն փակ կլինեն: Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տնից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից