ԿԳ նախարարին չի բավարարում ավագ դպրոցների և մագիստրոսական կրթության որակը
Հասարակություն
Ըստ նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ բուհերի ապաքաղաքականացման հարցը կարելի է լուծել միայն բարձրագույն կրթության օրենքի միջոցով: Այս մասին ասաց նախարարը՝ պատասխանելով այն նկատառմանը, թե Հայաստանում բուհերի խորհրդի նախագահները բարձրաստիճան պաշտոնյաներ են, օրինակ, ՀՀ նախագահը, վարչապետը և այլք, այս դեպքում ինչպե՞ս կարելի է բուհերը ապաքաղաքականացնել:
Նախարարը նկատեց նաև, որ ազգային համալսարաններում, սովորաբար, խորհրդի նախագահներ են լինում երկրի առաջին դեմքերը, որպեսզի շեշտվի տվյալ հաստատության համապետական նշանակությունը: «Մենք ունենք Երևանի պետական համալսարան, որը մեր ազգային արժեքն է, և հենց այդ պատճառով է, որ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք է կանոնակարգել բուհերի ինքնավարության հարցը:
Ըստ նախարարի՝ Հայաստանում կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն ավագ դպրոցների բեռնաթափումն է: Մկրտչյանը կարծում է, որ պետք է դպրոցները դառնան գերազանցության կենտրոններ և օգնեն երեխային մտնել կյանք:
Որպես հաջորդ կարևորագույն խնդիր՝ նախարարն առանձնացրեց մագիստրոսական կրթության որակի բարձրացումը, որն, ըստ նրա, իջել է բակալավրի մակարդակի և չի կարողանում աշխատաշուկայի հետ կապել ուսանողին:
Նախարարը որոշել է նաև ամեն շաբաթ անակնկալ կերպով այցելել որևէ մարզային դպրոց՝ տեղում հասկանալու առջկա խնդիրները՝ շեշտելով, որ դա կարվի առանց ԶԼՄ-ների, որպեսզի չդառնա PR ակցիա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը